Wednesday, November 27, 2013

Մաքրողը

Աշխարհում ամենամեծ սիրտը նա ուներ: Դե, այնպես չէ, որ բոլորի սրտի չափերը գիտեմ ու համեմատել եմ, բայց հավատացեք, նրանն ամենամեծն էր, ուղղակի հավատացեք:
Նա շատ կարևոր աշխատանք ուներ. օգնում էր մարդկանց մաքրել ներսում էղած կեղտերը: Հենց այդպես, վերցնում էր ավելն ու սկսում մաքրել ներսի փոշին, հետո թաց լաթերով փայլեցնում էր ներսի պատերը և վերջ: Դե պատկերացրեք, ինչքան էր կեղտոտվում այդ ընթացքում: Իհարկե, ձեռնոցներ հագնում էր, բայց այնուամենայնիվ: Իսկ մարդիկ կային, որ այնքան բան ունեին մաքրելու, որ երեկոյան նա հոգնատանջ ընկնում էր բազկաթոռին և քնում մինչ առավոտ:
Եվ այդպես ամեն օր…
Անցնում էիր օրեր, նա մաքրում էր, մաքրում և անընդհատ կեղտոտվում էր, իսկ նրան մաքրող չկար. չէ՞ որ միայն նա ուներ այդքան մեծ սիրտ :
Մի խոսքով, մի օր նա այնքան կեղտոտվեց, որ հիվանդացավ: Եկան բժիշկներ, բայց ոչ մեկ չէր հասկանում, թե ինչից է այդքան վատ: Նրան տարբեր կողմերից հետազոտում էին, կոկորդն էին նայում, ստուգում էին ականջները, սակայն ոչինչ չէին հասկանում: Այդպես ժամանակի ընթացքում կարծես մարում էր:
Նա երկար մտածում էր, թե ինչ անի. դիմել օգնության չէր ուզում, հասկացավ, որ անիմաստ է, ոչ մեկ չի հասկանում ինչպես օգնել: Հասկացավ, որ եթե այդքան մարդու կարողանում է օգնել, գուցե ինքն իրեն էլ կկարողանա օգնել: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է մտնելու ինքն իր մեջ ու ավելով ու լաթերով մաքրելու սեփական սրտի պատերը (սիրտն էլ այնքա՜ն մեծ է): Մտածեց, մտածեց և վերջապես գտավ որոշումը: Արցունքնե՜ր, ահա թե ինչը կմաքրի իրեն: Նա կանչեց իր մեջ գոյություն ունեցող բոլոր արցունքներին ու խնդրեց մաքրել իրեն: Նրանք էլ մեծ հաճույքով համաձայնվեցին ու հորդեցին նրա աչքերից: Հոսում էին, հոսում անդադար, կարծես անվերջ լինեին. այ այդքան  շատ էր նա կեղտոտվել:
Այդպես ժամեր շարունակ արցունքներն իրենց գործն արեցին և դադարեցին հոսել: Նա ուժասպառ էր եղել, դեռ երբեք այդքան արցունք չէր տեսել: Հոգնատանջ պառկեց քնելու:

Առավոտյան կարծես ոչինչ էլ չէր եղել: