Saturday, March 19, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Մաս 1
Աննետ Նուարի, Ժորժի ու թարս տանիքի մասինՉգիտեմ, գիշերով տանիք բարձրացել եք երբևէ, թե ոչ? Բարձրացել եք? Ավելի լավ, ուրեմն դուք կհասկանաք այն, ինչ հիմա կպատմեմ: Գիշերը ցերեկի հակառակ կողմն է` հայտնի ճշմարտություն: Դե եթե գիշերը տանիքում եղել եք, գիտեք, որ տանիքն էլ գիշերը ներքևում է: Ինչ է, չգիտեիք? Տանիքը ներքևում է, հարկերև` վերևում, շենքը թարս է չէ? Լավ, դա հեչ: Կարևորն այն է, որ Լուսնոտների 20/3 շենքի տանիքում ապրում էր նա: Նրա անունը Աննետ էր, ազգանունն էլ Նուար` Աննետ Նուար: Աննետը մի առանձնահատկություն ուներ` նա ցերեկը քնած էր, իսկ գիշերները` արթուն: Եվ նրա մոտ, գիշերվա նման, ամեն ինչ հակառակն էր: Նա երկար մազեր ուներ, որոնք փոխանակ ներքև ձգվեին, վերև էին ձգվում, բայց ոտքերն ու ձեռքերն իրենք տեղում էին: Ընդհանրապես, նա գեղեցիկ Աննետ էր: Այդ շենքի No. 54 բնակարանում ապրում էր մի տղա` Ժորժը: Նա շատ խելոք տղա էր` ամեն օր պատրաստում էր դասերը, լվանում ատամներn ու մինչև մութն ընկնելը պառկում էր քնելու: Դրա համար էլ երբեք գիշեր չէր տեսել: Անկեղծ ասած` դա շատ էր նրան տանջում. պատկերացնում եք ինչ տխուր է` երբեք գիշեր չտեսնել: Այդպես` նա մի օր որոշեց չքնել:
Եվ ահա մութն ընկավ: Աստղ, մի հատ էլ աստղ, Լուսին, աստղ: Գրքերում տեսել էր, բայց իրականում... Մմմմ, բա տանիքից ինչ տեսարան է: Ախ, պետք է շտապ բարձրանալ տանիք:
Ճռռ... " Հիշեմ, առավոտյան յուղ բերեմ տանիքի դռան համար" ,- մտածեց Ժորժը: Ախ, Ժորժ, դու քո ճռռոցով արթնացրեցիր Աննետին: Չնայած արդեն ժամանակն է` ինչքան կարելի է քնել: Ժորժն Աննետին տեսավ ու տեղնուտեղը քարացավ। ամեն քայլափոխին չես տեսնի մազերը վեր ձգված աղջիկ: Իսկ Աննետի հեչ պետքն էլ չէր: "Քո մազերը",- ասաց Ժորժը: "Քոնն էլ",- պատասխանեց Աննետը: Ժորժը ձեռք տվեց մազերին ու զգաց, որ իրենն էլ է վեր ձգված: Ժորժի աչքերը մեծացել ու կլորացել էին` այստեղ ամեն ինչ թարս է ախր:
Աննետը շատ լուրջ դեմքով ասաց. "Ցտեսություն" ու տանիքի անցքից դուրս եկավ, երևի շտապ գործեր ուներ: "Հեյ, սպասիր, դու կընկնես, բարձր է ախր",- բղավեց Ժորժը ու վազեց նրա հետևից: "Վայ, այս ուր ենք մենք?" հարցրեց նա: "Տանիքի վրա",- պատասխանեց Աննետը: "Բայց ախր տանիքը վերևում է լինում",- զարմացավ Ժորժը: "Լսիր, դու Լուսնից ես իջել? Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի, դուրդ չի գալիս, գնա քնիր",- պատասխանեց Աննետը: Բայց Ժորժն, իհարկե, չգնաց, թե չէ Աննետը կմտածեր, թե նա վախենում է: Ու խելոք հետևեց նրան:
"Ա, դու դեռ այստեղ ես? Ուրեմն կօգնես ինձ",- ասաց Աննետը: Նա "Երկնքի մաքրության բյուրո"-ում էր աշխատում, ամեն գիշեր աստղերի փոշիներն էր հավաքում: Ու քանի որ բոլոր աստղերը չէր հասցնում մի գիշերում մաքրել, ամեն գիշեր տարբեր աստղեր էին փայլում երկնքում: Առաջինը Բևեռային աստղն էր մաքրում, դա մոտ էր իր տանիքին, դրա համար էլ այս աստղը ամենավառն է փայլում: "Ահա քեզ սպունգ,- ասաց նա Ժորժին,- ու արի հետևիցս, որ աստղն ասեմ, կմաքրես, տես հա~, լավ կմաքրես": Ժորժն արդեն սովորել էր , որ երկինքը ներքևում է, աստղերն էլ մոտ են: Ու Ժորժն ու Աննետը սկսեցին մաքրել աստղերը` 1, 2, 3, ... 167, 168...
Ահա և վերջ: Բոլոր աստղերը մաքրված են: Նրանք հոգնած նստեցին Աննետի տանիքի վրա: "Հաց ու ջեմ կուտես?",- հարցրեց Աննետը: Ժորժը գլխով արեց. աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում: "Զգույշ բռնիր, ջեմը հացի տակից է քսած",- ասաց Աննետը: Նա հարցրեց Ժորժին` որտեղից է նա եկել: "5-րդ հարկից: Լսիր, գիշեր ինչու է ամեն ինչ թարս?",- հարցրեց Ժորժը: "Թարս? Թարս չէ: Ինձ համար ցերեկն է թարս, իսկ գիշերն ամեն ինչ օրինաչափ է",- պատասխանեց Աննետը: "Ա~, հասկացա",- ասաց Ժորժը, բայց ոչինչ էլ չհասկացավ: "Լսիր, բա մազերդ ինչու են վերև?",- նորից հարցրեց նա: "Չէ, սա անօգուտ է,- վրդովվեց Աննետը,- արդեն 5-րդ մարդն ես, որ գիշերով բարձրացել է տանիք, ու ոչ մեկդ չեք հասկանում: Է~, ես գնացի քնելու": "Ախր, նոր է լուսանում, ինչ քնել?"- բացականչեց Ժորժը: Բայց Աննետը չպատասխանեց, ուղղակի գնաց:
"Ինչ պիտի հասկանամ, տեսնես,- մտածեց Ժորժը,- լավ, է~, գնամ քնեմ, առավոտյան կմտածեմ":

6 comments:

  1. Երեխեքիս հեքիաթներդ կկարդամ քնելուց առաջ, Մանան ջան, որ բարի ու խելացի մեծանան, լավ երևակայություն ունենան ու հոմերի զգացում: Հաց ու ջեմը շատ լավն էր, զգույշ բռնի` ջեմը ներքևից ա քսած:ՃՃ

    ReplyDelete
  2. վույ, մերսի, Վահե, հուզվեցի :)))))))

    ReplyDelete
  3. Մանան...չէ բայց դու գիտե՞ս, որ դեմք ես. դե հա շատ են ասել, բայց...ըհը, մի հոգի էլ ասեց))) ուխխ, ես էս հեքիաթդ շաաաատ սիրեցի, Աստված ջան` ի~նչ երևակայություն ու մանկական մտածողություն ունես...Աննետը շատ անուշիկ ձայն ուներ)... հա ես էլ եմ կարդալու քո հեքիաթները իմ պուճուրներին, բայց մինչև նրանք կհայտնվեն, կկարդամ ընկերուհուս, որովհետև մի օր գիշերն ասեց - Ռուբ հեքիաթ կարդա քնեմ, ես էլ էշ-էշ պապանձվել էի...))) ապրես Մանան ջան, շաաա~տ)) Ռուբեն Դալլաքյան

    ReplyDelete
  4. Վաաայ, ռուբ, նոր եմ կարդում գրածք, ապրես շատ, ոգևորում ես :)))

    ReplyDelete
  5. ... շարունակի, երբե'ք չթողնես էս գործը, մենք էս կարգի հեքիաթների պակաս ունենք, պետք ա լրացնես)))))

    ReplyDelete
  6. Ռուբ, հա, հուսախաբ չեմ անի, հաստատ կշարունակեմ գրել :)))

    ReplyDelete