Sunday, October 23, 2011

Ճրագ վառող ծերունին

Բոլորը մտածում էին, որ նա Արև չի սիրում: Նա դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ Արևն արդեն մայր էր մտնում: Ես սկզբում մտածում էի, որ նա ուղղակի հիանում է շենքերի պատերով ու փողոցներով. Թիֆլիսի շենքերի զարդանախշերը մայրամուտի ժամանակ իջնում են պատերից ու ժանյակներով ձևավորում փողոցները:

Բայց դա երկար չէր տևում: 30 րոպե և գորգն աստիճանաբար անէանում էր, փողոցներն էլ մթնում էին: Մարդիկ էլ տներով էին գնում: Մնում էր միայն գիշերը և փողոցները, որոնք չէին երևում: Օդի նման, գիտես, որ կա, բայց չես տեսնում:

Ու հաճելի մի տագնապ է սկսում թափառել հոգումդ: Տագնապ, թե սպասում, որ շուտով մի բան է լինելու , մի բան, որը կօգնի տեսնել օդը:
Ու մթության մեջ վառվում էր նրա լույսը: Նիհար, սպիտակ մորուքով, մոխրագույն հագուստով. չէ, լույսը չէ, այլ նա: Իսկ լույսն ուղղակի ճրագից էր գալիս, որով նա վառում էր փողոցի լույսերը: Ու սկսում ես ուրախանալ, ինչպես կույրը կրկին տեսնելիս:

Ծեփը թափած պատեր, սալիկապատ փողոցներ, պատերին հին նկարներ, տակն էլ գրած "грузинское вино", այնքան մաշված, որ հազիվ ես կարդում: Ու կարծես արթնանում են քաղաքի ոգիները, ու փողոցները սկսում են շնչել: "Սապեռավի~", "Մառանի~", "Ցխելի խաչապուրի~", "Չուրչխելա~~", կանչում են բոլոր կողմերից: Ձիերի վարգից փոշի է բարձրանում: Թիֆլիսյան ոճով հագնված գիրուկ կանայք բամբասելով քայլում են ու կռվում վաճառականների հետ: "Վույ մե~, ով է տեսել, որ սունելին օրի լարի արժենա, էժանացրու", "Աղչի, գնա, ներքևն էժան ա, Հավլաբարից իջնելուց առաջին սեղանները միշտ էլ թանկ են ասում":

Բայց փողոցը լուռ է: Միայն ճրագ վառող ծերունու ոտքերի քստքստոցն է լսվում: Մարդիկ էլ վաղուց քնած են, գինիների փողոցն էլ լուռ նայում է նկարներից ո հրապուրում գինի առնելու:
Նա Արև սիրում էր: Ուղղակի մարդիկ անօգնական են: Նրանց միշտ լույս է պետք: Երբ գնում է Արևը, գալիս է նա: Նա, ով կարող է շոշափել օդը: Օդը, որից միշտ գինու ու խոնավության հոտ է գալիս:
Երբ գնումէ Արևը, անգամ տներն են քնում` փոքրիկ, ծուռ, ժանյակապատ տները, հենվում են իրար վրա ու քնում: Նրանք հանգիստ են, նրանք գիտեն, որ երբ գնում է Արևը, գալիս է նա:

Եվ փողոցներում մարդիկ չկան: Կան միայն վառված ճրագները և լռությունը, որը խախտում է ճրագ վառող ծերունու քայլերի մեղմ քստքստոցը:

No comments:

Post a Comment