Sunday, December 15, 2013

Քնել...

Այդ աշխարհում ամեն ինչ բարի էր` արևը, ծառերը, եղջերուները, արջերը ու մի քանի մանր-մունր կենդանիներ: Բայց մարդիկ այնտեղ չկային, միայն մի հոգի: Նա անուն չուներ, ինչին էր պետք անունը, եթե կանչող չկար: Նա ամեն առավոտ արթնանում էր, եղջերուների հետ նույն գետից ջուր խմում, արջի հետ նույն ծառից պտուղ ուտում, մողեսների հետ պառկում էր քարերին և արևից էներգիա ստանում: Նա կարողանում էր ժայռերից թռչել: Ավելի ճիշտ կանգնում էր ժայռի ծայրին և աչքերը փակում: Երկիրն ինքն էր գնում ոտքերի տակ. չէ որ այն պտտվում է:

Ու տենց ամեն օր, մինչև չարթնացավ ու գտավ իրեն մութ սենյակում, բազմահարկ շենքի 14-րդ հարկում: Դրսում ինչ-որ մարդիկ էին կռվում ու ոստիկանակա մեքենայի ձայն էի լսվում:  Քնել...

Wednesday, November 27, 2013

Մաքրողը

Աշխարհում ամենամեծ սիրտը նա ուներ: Դե, այնպես չէ, որ բոլորի սրտի չափերը գիտեմ ու համեմատել եմ, բայց հավատացեք, նրանն ամենամեծն էր, ուղղակի հավատացեք:
Նա շատ կարևոր աշխատանք ուներ. օգնում էր մարդկանց մաքրել ներսում էղած կեղտերը: Հենց այդպես, վերցնում էր ավելն ու սկսում մաքրել ներսի փոշին, հետո թաց լաթերով փայլեցնում էր ներսի պատերը և վերջ: Դե պատկերացրեք, ինչքան էր կեղտոտվում այդ ընթացքում: Իհարկե, ձեռնոցներ հագնում էր, բայց այնուամենայնիվ: Իսկ մարդիկ կային, որ այնքան բան ունեին մաքրելու, որ երեկոյան նա հոգնատանջ ընկնում էր բազկաթոռին և քնում մինչ առավոտ:
Եվ այդպես ամեն օր…
Անցնում էիր օրեր, նա մաքրում էր, մաքրում և անընդհատ կեղտոտվում էր, իսկ նրան մաքրող չկար. չէ՞ որ միայն նա ուներ այդքան մեծ սիրտ :
Մի խոսքով, մի օր նա այնքան կեղտոտվեց, որ հիվանդացավ: Եկան բժիշկներ, բայց ոչ մեկ չէր հասկանում, թե ինչից է այդքան վատ: Նրան տարբեր կողմերից հետազոտում էին, կոկորդն էին նայում, ստուգում էին ականջները, սակայն ոչինչ չէին հասկանում: Այդպես ժամանակի ընթացքում կարծես մարում էր:
Նա երկար մտածում էր, թե ինչ անի. դիմել օգնության չէր ուզում, հասկացավ, որ անիմաստ է, ոչ մեկ չի հասկանում ինչպես օգնել: Հասկացավ, որ եթե այդքան մարդու կարողանում է օգնել, գուցե ինքն իրեն էլ կկարողանա օգնել: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է մտնելու ինքն իր մեջ ու ավելով ու լաթերով մաքրելու սեփական սրտի պատերը (սիրտն էլ այնքա՜ն մեծ է): Մտածեց, մտածեց և վերջապես գտավ որոշումը: Արցունքնե՜ր, ահա թե ինչը կմաքրի իրեն: Նա կանչեց իր մեջ գոյություն ունեցող բոլոր արցունքներին ու խնդրեց մաքրել իրեն: Նրանք էլ մեծ հաճույքով համաձայնվեցին ու հորդեցին նրա աչքերից: Հոսում էին, հոսում անդադար, կարծես անվերջ լինեին. այ այդքան  շատ էր նա կեղտոտվել:
Այդպես ժամեր շարունակ արցունքներն իրենց գործն արեցին և դադարեցին հոսել: Նա ուժասպառ էր եղել, դեռ երբեք այդքան արցունք չէր տեսել: Հոգնատանջ պառկեց քնելու:

Առավոտյան կարծես ոչինչ էլ չէր եղել: 

Wednesday, September 18, 2013

Ուտելու մասին

"Եթե մի օր արթնանաս ու շուրջդ մութ լինի, խոնավ ու տեսնես լողացող գազարներ, ուրեմն ես քեզ կերել եմ": Ալիսան չռած աչքերով լուռ լսեց  ու ասեց "աղու՜" :)))

Friday, September 6, 2013

Կին

Ես կին եմ,
Որովհետև ունեմ մեծ կրծքեր ու երեխա...
Ուրիշ ոչ մի որովհետև չկա

Sunday, August 25, 2013

Բողոքի գիրք. մամայական բաներ N 2

Չէի կարա էս թեմային առանձին չանդրադառնալ՝ սա լուրջ ա: Խոսքը սոսկաների կամ հայերեն ասած՝ ծծակների մասին ա:
Փաստորեն հայ ազգը ոչ միայն սոսկան տալիս ա, որորվեհտև մեկ-մեկ կարիքը զգում ա, այլ անգամ եթե կարիքը չի զգում, կոմպլեքսավորվում ա, որ իրա էրեխեն սոսկա չի վերցնում: Ո՞վ ա ասել, որ սոսկան պարտադիր ատրիբուտ ա:
Ինչի՞ եմ ես սոսկային դեմ: Ասեմ՝ սոսկան տալիս են էն ժամանակ, երբ երեխան "անիմաստ լացում ա", սոսկան իրանց հանգստացնում ա: Իմ կարծիքով երեխան ԵՐԲԵՔ անիմաստ չի լացում՝ փորիկն ա  ցավում, սոված ա, քունն ա տանում, կապրիզ ա, բայց անիմաստ երբեք չի լացում: Ու էտ մոտեցումը՝ "էրեխու ձենը կտրենք", մեղմ ասած անընդունելի էգոիստական ա: Չասեմ որտեղ ֆբ-յան քննարկում էր գնում ու մի մամա ասեց, որ ինքը սոսկա տալիս ա, որ եթե էրեխեն դրոսում լացի, ինքը խայտառակ չլինի: Ես սրտանց ցավում եմ էտ մամայի էրեխու համար, անկեղծ, սրտանց:
Էլ չասեմ, որ հետո էտ նույն սոսկայից կտրելը ինչքան դժվար ա ու ինչ տրավմա են հասցնում էտ խեղճ էրեխեքին: Նույն քննարկման մեջ մի մամա գրել էր, որ ութ ամսեկանում հազիվ սովորեցրել ա սոսկայի ու հետո շատ դժվարությամբ կտրել: Երկաթից էլ չէ, պողպոատից ա էտ տրամաբանությունը, ութ ամիս տանջվել ա, որ էրեխեն եսիմնինչի սոսկա ուտի, հետո էլ տանջվել ա, որ հետ սովորացնի: Ով կասի էտ գործողության տրամաբանությունը, թագավորությանս կեսն իրան:

Հ.Գ. ամենահանճարեղ մտքերից էսօրվա լսածս՝ եթե սոսկա չտաս, էրեխեն հոգեբանական խնդիրներ հետագայում կունենա, հարցին, թե ինչ խնդիրներ, ասեց՝ դե ծխող կդառնա: Գոնե հակառակն ասեր, ֆֆֆ...

Հ.Հ.Գ. թող չվիրավորվեն էն մամաները, ովքեր իրանց էս փոսթում գտան, սա իմ անձնական կարծիքն ա ընդամենը

Friday, August 23, 2013

Մենակություն


Երբ մենակությունդ մարդիկ այլևս չեն լցնում,
Իրանք կան, բայց ոնց որ չլինեն,
Ո՞վ ա մեղավոր ու մեղավոր ա՞ արդյոք:

Thursday, August 22, 2013

Բողոքի գիրք. մամայական բաներ


Եթե ուզում եք ստուգել ձեր նյարդերը, լացող երեխային դրեք սայլակի մեջ ու դուրս եկեք փողոց: Չէ, ձեր նյարդերի ինդիկատորը լացող երեխան չի լինելու, բնավ: Այ անցորդ կանա՜յք, այ դա փորձություն ա: Ով չի ալարի բերանը բացել կամ ձեր հետևից ռեպլիկ կթողի, կամ կասի "վա՜յ, էս էրեխեն խի՞ ա լացում", կամ "տես, էրեխեդ լացում ա", էլ չասեմ որ դու դառնում ես աշխարհի ամենանսիրտ ու կոպիտ մաման, որ երեխուդ լացը չես կտրում ու վայ վույ չես անում րոպեն մեկ: 
Էլ չասեմ, որ էրեխեքին էս շոգին տասը տակ հագցնող մամաները չեն ալարում ամեն օր քեզ ասում են, որ "էրեխեդ կմրսի", "գլխարկ խի՞ չես հագցրել, կմրսի", ասում ես շոգ ա, ասում ա "բա ուրեմն կարևահարվի, գլխարկ հագցրու", ոբշմ գլխարկ հագցրու, կապ չունի ինչի համար, էրեխեն պիտի գլխարկով լինի: 
Մի խոսքով հայ ազգի էրեխեքը պիտի լինեն միշտ նորմայից մի քանի կիլո ավել, որ հանկարծ չասեն էրեխուն լավ չես նայում, պետք ա ամառվա շոգին մի քանի տակ շոր հագնի, ձմեռը էլ չասեմ, ու պետք ա միշտ լուռ լինի, կարգին էրեխեն չի լացում (որպես լացի դեմ պայքարի մեթոդ էլ ոչ թե հասկանալ ինչի ա լացում ու պատճառը վերացնել, այլ մի հատ սոսկա ես դնում բերանը, ձենը կտրում ա):
Տենց բողոքական բաներ:



Sunday, August 18, 2013

Կյանք


Ժամացույցի սլաքի պես՝
Գնում, գնում, գնում
Ու մի օր կանգ առնում:

Կյանք...


Thursday, August 15, 2013

Երանություն

Բաժանվեմ մասնիկների,
Հազարավոր, միլիոնավոր,
Ու ներարկվեմ բջիջներիդ մեջ:

Երանություն...


Wednesday, April 3, 2013

Ոզնու մասին


Ի՜նչ ուրախ ես այսօր, Արմե՛ն,
-Իմ գրպանում ոզնիներ են:
 
Ոզնու ետևից անտառ գնացի,
Եվ գրպանս նրան դրեցի:
 
-Ի՞նչ ես անընդհատ երգում,
-Ոզնի կա իմ գրպանում:
 
Թե իմ նման ոզնի գտնես, 
Դու էլ ուրախ-ուրախ կերգես:
 
-Դու խաբում ես միշտ այդպես,
Ու՞ր է ոզնիդ, ցու՛յց տուր մեզ:
 
-Ես ազնիվ եմ, շատ ազնիվ, 
Դե նայե՛ք, ահա՛ ոզնին:
   

                                     Դանիիլ Հարմս, 1928

Saturday, March 30, 2013

Վագրը փողոցում


Ես երկար մտածում էի՝
Որտեղից է փողոցում վագր հայտնվել,
Մտածում ու մտածում էի,
Մտածում ու մտածում էի,
Մտածում ու մտածում էի,
Մտածում ու մտածում էի,
Հենց այդ պահին քամին փչեց
Ու իմ մտքի թելը կտրեց,
Եվ այդպես էլ ես չիմացա,
Թե որտեղից է փողոցում վագր հայտնվել:

Դ. Հարմս 
թարգմանությունը՝ իմ

Sunday, September 2, 2012

Գործած աշուն

Աշունը գործած շֆինծիկների հավես ա տալիս: տենց էս տարի որոշել եմ պալասածիկ սումկաներ ու շարֆիկներ գործեմ: Նենց որ մի քիչ էլ ու դուք իրանց կտեսնեք :)))

Sunday, August 5, 2012

Բաժակակատվային


Վաղուց բլոգումս փոսթ չէի արել: Հին զռվռիկներիս մեջ բաժակ գտա նկարած: Իմ ընկերներից մեկի համար էի սարքել, ու հասցրել էի ֆոտո անել տալուց առաջ: Տենց, հին ու բարի Մանանայական կատուներ)))

Tuesday, June 26, 2012

մտքերի ֆռեշ

երկար ժամանակ ոչինչ չէի գրել, մի ամսից ավել: իրականում դա ուներ օբյեկտիվ պատճառները` քննություններ: բացի դրանից ես մի քանի բան գրել եմ, բայց ուրիշ նպատակով:
Իսկ նպատակը հետևյալն ա. շա~տ շուտով ես պատրաստվում եմ առանձին կայք բացեմ մանկական ուղղվածության` հեքիաթներ, կոմիքսներ ու տենց բաներ: հետևաբար բոլոր գրածներս ու նկարածներս շուտով կգտնեք այնտեղ: Նենց  որ... :P

Saturday, May 5, 2012

Книга


А я думаю это страница, все пройдет,
И кто-нибудь страницу перевернет,
Но когда это будет, не знает никто,
Ну а сейчас по странице пойдем в кино.

А страница не кончилась еще,
Надо дописать там кое-что,
И давай на странице напишем участь свою,
Все равно, завтра мы перевернвм ее.

А когда перевернем ее...

Я так устала
От этих  бесконечних страниц,
Когда я родилась, я ведь не знала,
Что стану книгой в руках убийц

.

Tuesday, April 17, 2012

Պրոբլեմ

Մի օր արթնացավ ու տեղաշորի կողքը ինչ-որ մեծ բան գտավ: Չհասկացավ ինչ էր: Առաջին անգամ էր տեսնում նման զանգված: Շատ ծանոթ էր, բայց չէր հիշում: Վեր կացավ տեղաշորից, ուզեց գնալ խոհանոց, այդ զանգվածն էլ հետևից եկավ: Ախր ինչ է սա?

«Պրոբլեմ» կարդաց նա զանգվածի ներքևի աջ մասում: «Պրոբլեմ»? մտածեց նա, «փաստորեն ես պրոբլեմ ունեմ. ինչ էլ մեծ է ու անհասկանալի»: Լավ, ինչ արած, պետք է տանել այդ պրոբլեմը:

Տնից դուրս էկավ, պրոբլեմն էլ հետևից: Գնաց աշխատանքի, պրոբլեմն էլ կողքը: Երեկոյան, երբ գործն ավարտվեց, որոշեց մի քիչ զբոսնել: Իհարկե այդքան էլ հաճելի չէր այդ անհասկանալի զանգվածի հետ զբոսնել, բայց ինչ արած:

Ինչ արած? Նստեց նստարանին ու սկսեց զանգվածը շրջել ձեռքերի մեջ: Այդպես անկապ շրջում էր, մեկ էլ կողմերից մեկի վրա կարդաց «ապա սեղմիր ինձ”: Նա զարմացած սեղմեց և պարզվեց, որ “պրոբլեմը” պլաստիրինի նման ձևափոխվում է: “Հիմա հասկացար?” կրկին կարդաց նա:

Իհարկե հասկացավ, ինչպես չէ: Այսպես, այ-այսպե~ս, մի քիչ էլ այս կողմից, ահա~: “Պրոբլեմը” վերափոխվեց մի մեծ ու հրաշք ծառի: Ճիշտ է, նա քանդակագործ չէր ու իդեալական չէր ստացվել: Բայց այդ ծառից միայն նա ուներ, ու այնքան հաճելի էր նրան նայել: Նա մտածեց տուն տանի: “Չէ, լավ չհասկացար”, կարդաց արդեն ծառի բնի մոտ:

Նա տնկեց ծառը մոտակա այգում և հանգիստ գնաց տուն:

Sunday, April 8, 2012

Ծարավ Կոկորդիլոսը

Կլոր-կլոր աշխարհում ապրում էր բարի Կոկորդիլոսը: Նա այն կոկորդիլոսներից չէր, որ ձեռքերը կարճ են և չեն կարողանում ատամները մաքրել, ոչ: Նա երկար ձեռքեր ուներ, համ ատամներն էր ամեն առավոտ մաքրում, համ էլ հորանջելուց բերանն էր կարողանում փակել:

Բայց Կոկորդիլոսը միշտ ծարավ էր ու ուզում էր ջուր խմել: Իսկ լիճը նրա տնից հեռու էր. ամեն անգամ պետք է երկար քայլեր: Ու որպեսզի ճանապարհը շատ երկար չթվար, նա հաշվում էր ճամփեզրի քարերը «մեկ, երկու, երեք, ..., վաթսունմեկ, ..., հարյուր տասնհինգ և այլն: Ու ամեն անգամ մոռանում էր, թե երեկ ինչ թիվ էր ստացել:

Ու նա որոշեց գրառումներ անել: Ամեն օր հաշված քարերի քանակը գրում էր թղթի վրա: Իսկ շաբաթվա վերջում համեմատում էր, թե քանի անգամ է նույն թիվը ստացել: Կոկորդիլոսն այնքան էր տարվել իր հաշվարկներով, որ արդեն հաճույքով էր գնում այդ երկար-երկար ճանապարհը` ջուր խմելու:

Ու մի օր նա ցերեկը կրկին ծարավեց: Ախր այդպես չի լինում: Սովորաբար, երբ առավոտյան ջուր է խմում, մեկ էլ երեկոյան է ծարավում: Ու միայն երեկոյան ջրի գնալուց նոր հիշեց, որ առավոտյան այնքան է տարված եղել քար հաշվելով, որ մոռացել է ջուր խմել և ծարավ հետ է վերադարձել:

Բա~, այդքան ուժեղ էր տարվել Կոկորդիլոսը:

Monday, April 2, 2012

Փոկը գլխարկով

"Մումի մամա, մումի պապա", մտածեց կապույտ փոկը ու դրեց գլխարկը

Thursday, March 29, 2012

Փոկը արկղ ա փակում

"պտտվիր, պտտվիր", մտածեց կապույտ փոկը ու փակեց արկղը

Wednesday, March 28, 2012

Կապույտ փոկը թռնում ա


"վազեցինք", մտածեց կապույտ փոկը ու թռավ ջուրը

Saturday, March 24, 2012

Բաբանաներով գիրքը

Երբ քայլում էր երկար փողոցով, միշտ հիշում էր 15/1 շենքի 3-րդ հարկի կապույտ վարագույրներով պատուհանի տղային: Նա էլ էր երկար փողոցի վրա ապրում. դե պատկերացրեք այդ փողոցում 17 հատ շենք կար, այ այդքան երկար էր: Այդ շենքի բոլոր պատուհանների վարագույրները սպիտակ էին, միայն նրանց տան վարագույրն էր կապույտ: Այ քեզ տարօրինակ բան, ով է տեսել կապույտ վարագույր:

Ինչևէ, այդ տարօրինակ տան մեջ ապրում էր մի տարօրինակ տղա: Նա միշտ կարճ տաբատով էր ու գծավոր գլխարկով: Բոլոր երեխաները գնդակ էին խաղում, իսկ նա միշտ մի մեծ գիրք գրկած էր իջնում բակ: Դա մի նկարազարդ գիրք էր բաբանաների մասին: Թե ովքեր էին բաբանաները, միայն նա գիտեր ու ոչ մեկին չէր ասում: Բայց բոլորը բակում գիտեին, որ նա հիմա բաբանաների նկարներ է նայում իր մեծ գրքում:

Մի օր բակի տղաները որոշեցին խլել նրանից գիրքը, որ տեսնեն, թե ովքեր են բաբանաները: Նրանք մոտեցան տղային, և տղաներից ամենաուժեղը ուղղակի վերցրեց նա ձեռքից այդ գիրքը: Բայց խլելու պահին, գիրքը կտոր-կտոր եղավ, բաժանվեց թերթերի: Այդ պահին ուժեղ քամի բարձրացավ և քշեց գրքի թերթերը, և բակի տղաներն այդպես էլ չիմացան, թե ովքեր են բաբանաները:

Իսկ տղան այլևս բակ չէր իջնում. չէ որ նա հատուկ իջնում էր, որ բաբանաներով լի գիրքը նայելու, իսկ հիմա գիրքը չկա: Հետո տղայի ընտանիքը տեղափոխվեց այդ շենքից, իսկ վարագույրները փոխվեցին սպիտակներով. բա ով է տեսել` վարագույրը կապույտ լինի:

Friday, March 9, 2012

Շարֆ. տեսակը` հատուկ

Ուրեմն մի օր Գուգոի հետ էի խոսում (մի հարցրեք ով ա, պետքներդ չի:))), ու ինքը պատմում էր, որ իրանց ուսանողական հանրակացարանի պատուհաններն են փոխում ու ինքը արդեն սառույցի կտոր ա: Գուգոն Մոսկվայում ա սովորում էլի, դե պատկերացրեք էնտեղի ձմեռվա ցուրտը:
Դե, իմ խիղճն էլ տանջեց ու ես իրան շարֆիկ գործեցի :))) Ինքը հատուկ շարֆ ա` հանրակացարանային ցրտի դեմ, ուրիշ նպատակով էտքան ուժեղ բան չի լինի :))
Տենց բաներ :))))

Tuesday, February 21, 2012

Կոճակ


Լինում է, չի լինում մի կոճակ. այսինքն` ես: Ինձ թվում է` ավելի շատ լինում է , քան չի լինում: Բա պատկերացրեք ինչ տխուր կլիներ աշխարհն առանց ինձ: Ես ամեն ինչ կարող եմ փակել ու ինչ ուզեմ կբացահայտեմ:
Հա, գիտեմ, մեկ-մեկ ես շատ փոքր եմ, ու շատերը ինձ չեն նկատում: Մարդկանց թվում է, թե կարող են ինձ հետ անել այն, ինչ ուզում են, բայց...
Լինում է, չի լինում մի կոճակ. այսինքն` ես: Ու ինձ թվում է` ավելի շատ լինում է, քան չի լինում:

Էտը յա կ չիմու, որ մի հատ նոր թատերական ստուդիա ա բացվում երեխաների համար, անունն էլ "Կոճակ": Մենակ չհարցնեք ինչի կոճակ, էտ մենակ կոճակը գիտի, թե ինչի:
Տենց, եթե 10-16 տարեկան ծանոթ երեխեք ունեք կամ էլ էտ տարիքի եք, դիմեք, չեք փոշմանի: Ինչ ասես չեն սովորելու` բեմական խոսք, դերասանի վարպետություն,

նկարչություն, պար ու տենց բաներ
, բա~ :
)