Showing posts with label գիրք. Show all posts
Showing posts with label գիրք. Show all posts

Saturday, March 24, 2012

Բաբանաներով գիրքը

Երբ քայլում էր երկար փողոցով, միշտ հիշում էր 15/1 շենքի 3-րդ հարկի կապույտ վարագույրներով պատուհանի տղային: Նա էլ էր երկար փողոցի վրա ապրում. դե պատկերացրեք այդ փողոցում 17 հատ շենք կար, այ այդքան երկար էր: Այդ շենքի բոլոր պատուհանների վարագույրները սպիտակ էին, միայն նրանց տան վարագույրն էր կապույտ: Այ քեզ տարօրինակ բան, ով է տեսել կապույտ վարագույր:

Ինչևէ, այդ տարօրինակ տան մեջ ապրում էր մի տարօրինակ տղա: Նա միշտ կարճ տաբատով էր ու գծավոր գլխարկով: Բոլոր երեխաները գնդակ էին խաղում, իսկ նա միշտ մի մեծ գիրք գրկած էր իջնում բակ: Դա մի նկարազարդ գիրք էր բաբանաների մասին: Թե ովքեր էին բաբանաները, միայն նա գիտեր ու ոչ մեկին չէր ասում: Բայց բոլորը բակում գիտեին, որ նա հիմա բաբանաների նկարներ է նայում իր մեծ գրքում:

Մի օր բակի տղաները որոշեցին խլել նրանից գիրքը, որ տեսնեն, թե ովքեր են բաբանաները: Նրանք մոտեցան տղային, և տղաներից ամենաուժեղը ուղղակի վերցրեց նա ձեռքից այդ գիրքը: Բայց խլելու պահին, գիրքը կտոր-կտոր եղավ, բաժանվեց թերթերի: Այդ պահին ուժեղ քամի բարձրացավ և քշեց գրքի թերթերը, և բակի տղաներն այդպես էլ չիմացան, թե ովքեր են բաբանաները:

Իսկ տղան այլևս բակ չէր իջնում. չէ որ նա հատուկ իջնում էր, որ բաբանաներով լի գիրքը նայելու, իսկ հիմա գիրքը չկա: Հետո տղայի ընտանիքը տեղափոխվեց այդ շենքից, իսկ վարագույրները փոխվեցին սպիտակներով. բա ով է տեսել` վարագույրը կապույտ լինի: