Showing posts with label տանիք. Show all posts
Showing posts with label տանիք. Show all posts

Monday, April 18, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Մաս 2
Հասկանալու ու մեծ ակնոցների մասին:

Հաջորդ առավոտյան Ժորժը շատ դժվար արթնացավ. չէ որ գիշերը չէր քնել: Այդպես քնաթաթախ էլ գնաց դպրոց: Ողջ օրը նա շատ անհանգիստ էր: Նրան տանջում էր այն հարցը, թե ինչ պիտի հասկանա: Անգամ ցերեկը չճաշեց, այդքան շատ էր նրան տանջում այդ հարցը: Բայց տնայիններն արեց, դա պարտադիր էր, և տետրերի բոլոր չգրված տեղերում թարս տանիքներն ու Աննետին էր նկարել:
Կրկին գիշեր: Ժամը 10 է, քնել է պետք: Ախր ինչ է պետք հասկանալ, քունն էլ տանում է, ու~ֆ: "Չէ, չեմ քնելու, ես միշտ ամեն ինչ հասկանում եմ, ու սա էլ կհասկանամ" ,-մտածեց Ժորժը: Դե հիշում եք, որ նա խելոք Ժորժ էր:
Մմմ, տանի~ք, թարս շուռ տված տանի~ք: 12-անց է, Աննետն արդեն արթուն պետք է լինի: Ժորժը փնտրեց նրան տանիքում, սակայն նա այնտեղ չէր: "Երևի արդեն դուրս է գնացել",- մտածեց Ժորժն ու դուրս եկավ տանիքի անցքից:
-Ախ,- բացականչեց Ժորժը, քիչ էր մնում սայթաքեր ու ընկներ վերև,- Աննե~տ, Աննե~տ, որտեղ ես?
-Ա~, նորից դու,- կրկին ինչ-որ բանով զբաղված ասաց Աննետը,- վերցրու սպունգն ու օգնիր ինձ մաքրել:
-Բայց ես չեմ ուզում մաքրել,- ասաց ժորժը:
-Ուրեմն գնա քնիր:
- Չեմ ուզում քնել:
-Դե ուրեմն մաքրիր:
-Չե~մ ուզում մաքրել:
-Ուրեմն...էէ~~, ինչ ես ուզում?- նյարդայնացավ Աննետը:
-Ուզում եմ հասկանալ:
-Ինչը?
-Չգիտեմ:
-Ես էլ չգիտեմ, այնպես որ կամ օգնիր ինձ մաքրել, կամ էլ գնա քնիր:
-Ախր չեմ ուզում քնել, ոչ էլ մաքրել եմ ուզում, չես հասկանում?
-Նոր կարծես թե դու չէիր հասկանում,- հիշեցրեց Աննետը:
-Է~~,- Ժորժը նեղվեց ու նստեց Աննետի աստիճանների վրա:
-Լավ, լսիր, շատ մի նեղվիր, կարող ես գնալ Հասկացողների բյուրո, կարծում եմ` քեզ այնտեղ կօգնեն,- ասաց Աննետը:
-Հը? Հասկացողների բյուրո? Դու այդ բյուրոից ես? - հարցրեց Ժորժը:
-Չէ, ես Աստղերի մաքրության բյուրոից եմ: Վերցրու հասցեն ու ինձ հանգիստ թող հա?
Ժորժը վերցրեց Աննետի տված թուղթը: Վայ, այս ինչերեն է, բան չի հասկանում: Ա~, հասկացա, ախր ամեն ինչ թարս է, հայելի է պետք...մմմ, կամ էլ շենքի արտացոլող պատուհան:

Հասկացողների 13/518 , բն. ըստ ցանկության

Ըստ ցանկության բնակարան? Դա որն է? "Էլի բան չհասկացա",- կրկին նեղվեց Ժորժը: Բայց որոշեց գնալ, ինչ-որ բան նրան հուշում էր, որ պետք է ուղիղ գնալ: Գնաց-գնաց ու հասավ ինչ-որ տեղ: "Մմմ, ճիշտ եմ եկել?" - մտածեց Ժորժը: "Ճիշտ ես եկել", գրված էր պատի վրա, իսկ դրա տակը գրված էր` "Ինչ ես զարմացած կանգնել? Ասում եմ, ճիտ ես եկել, դուռը բաց ու ներս արի": "Ինչ գիտի այս պատը` ես ուր էի ուզում հասնել" ,- մտածեց Ժորժը: Այս ինչ էլ մութ է ներսը:
-Հե~յ, էստեղ մարդ կա?
-Մարդ? Կա,- պատասխանեց ինչ-որ ձայն:
-Բա ուր է?
-Սեղանի տակ:
-Սեղանի տակ? ,- զարմացավ Ժորժը,- ինչ եք անում սեղանի տակ?
-Հասկանում եմ,- ասաց ձայնը:
-Ինչ եք հասկանում:
-Դե որ հասկանայի, չէի մտնի սեղանի տակ,- բացատրեց ձայնը:
-Ինչ, հիմա որ ես էլ մտնեմ սեղանի տակ, կհասկանամ? ,- կասկածանքով հարցրեց Ժորժը:
-Հապա փորձիր:
Ժորժը մութ սենյակում մի կերպ շոշափեց սեղանը և մտավ դրա տակ: Ձայնը մի լուցկի վառեց: Եվ Ժորժը տեսավ, որ դա գիտնականի սպիտակ խալաթով, մեծ ու քաչալ գլխով ու մե~~ծ ակնոցներով մարդ է:
-Բայց ես դեռ բան չեմ հասկանում,- դժգոհեց Ժորժը:
-Իսկ ես հասկանում եմ,- ասաց ակնոցավորը:
-Ինչ եք հասկանում?
-Այն, որ ոչինչ էլ չեմ հասկանում,- ասաց ակնոցավորն ու դուրս եկավ սեղանի տակից:
-Այդ ուր? ,- բացականչեց Ժորժը,- չէ որ մենք փորձում էինք հասկանալ:
-Սեղանի տակ? ,- զարմացավ մարդը,- սեղանի տակ ուզում էիր բան հասկանալ? Այդպես չես կարող, սեղանները վնասակար են հասկանալու համար:
-Է~~~, ես եկել եմ այստեղ, որ հասկանամ, իսկ դուք... Լսեք, ինչ մեծ ակնոցներ ունեք բայց, դա մոտիկը տեսնելու համար է, թե հեռուն? ,- այս հարցը մայրիկից էր սովորել:
- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, սա մանրուքները հասկանալու համար է:
-Ակնոցներով եք հասկանում? ,- զարմացավ Ժորժը:
-Բա իհարկե, ակնոցներով եմ չէ տեսնում? Եթե տեսնում եմ, ուրեմն հասկանում եմ, հասկացար?
-Ա~~, հասկացա,- ասաց Ժորժը, չնայած, որ նորից բան չհասկացավ:
-Հասկացար? Այդքան շուտ? Լավ է, լավ է, դե ուրեմն ազատ ես, կարող ես գնալ:
Ժորժն, իհարկե, ամաչեց ասել, որ ոչինչ չի հասկացել և ուզում է մնալ, ու ներսից իրեն ուտելով շրջվեց, որ գնա: "Գոնե այդ ակնոցներից ունենայի, երևի կհասկանայի այդ ժամանակ" ,- մտածեց Ժորժը: Այդ ընթացքում ակնոցավորը հանել էր ակնոցները և դրել սեղանի վրա: Ժորժը թաքուն վերցրեց դրանք սեղանի վրայից, ասաց ."ցտեսություն" և արագ դուրս եկավ, քանի դեռ չէին նկատել իրեն: Դուրս եկավ ու անհամաբերությունից միանգամից ակնոցները դրեց: ԼԸԸԸԸԸԸՂ~~~ Աշխարհը կարծես լղոզվեց, գլուխն էլ սկսեց պտտվել, վա~յ...հանեց ակնոցները: "Ես սրանով բան չեմ տեսնում, ավելի լավ է` հետ վերադարձնեմ": Նույն կերպ` թաքուն, որ մարդ չտեսնի, ակնոցները տեղը դրեց ու դուրս թռավ սենյակից:
-Աննե~տ, Աննե~տ,- բացականչեց նա:
-Ինչ ես գոռում? Մարդիկ քնած են, ի տարբերություն քեզ,- ասաց Աննետը:
-Աննետ, լսիր, սպունգը տուր, ես էլ մաքրեմ, հա?

Saturday, March 19, 2011

Աննետ Նուար կամ Լուսնոտների 20/3

Մաս 1
Աննետ Նուարի, Ժորժի ու թարս տանիքի մասինՉգիտեմ, գիշերով տանիք բարձրացել եք երբևէ, թե ոչ? Բարձրացել եք? Ավելի լավ, ուրեմն դուք կհասկանաք այն, ինչ հիմա կպատմեմ: Գիշերը ցերեկի հակառակ կողմն է` հայտնի ճշմարտություն: Դե եթե գիշերը տանիքում եղել եք, գիտեք, որ տանիքն էլ գիշերը ներքևում է: Ինչ է, չգիտեիք? Տանիքը ներքևում է, հարկերև` վերևում, շենքը թարս է չէ? Լավ, դա հեչ: Կարևորն այն է, որ Լուսնոտների 20/3 շենքի տանիքում ապրում էր նա: Նրա անունը Աննետ էր, ազգանունն էլ Նուար` Աննետ Նուար: Աննետը մի առանձնահատկություն ուներ` նա ցերեկը քնած էր, իսկ գիշերները` արթուն: Եվ նրա մոտ, գիշերվա նման, ամեն ինչ հակառակն էր: Նա երկար մազեր ուներ, որոնք փոխանակ ներքև ձգվեին, վերև էին ձգվում, բայց ոտքերն ու ձեռքերն իրենք տեղում էին: Ընդհանրապես, նա գեղեցիկ Աննետ էր: Այդ շենքի No. 54 բնակարանում ապրում էր մի տղա` Ժորժը: Նա շատ խելոք տղա էր` ամեն օր պատրաստում էր դասերը, լվանում ատամներn ու մինչև մութն ընկնելը պառկում էր քնելու: Դրա համար էլ երբեք գիշեր չէր տեսել: Անկեղծ ասած` դա շատ էր նրան տանջում. պատկերացնում եք ինչ տխուր է` երբեք գիշեր չտեսնել: Այդպես` նա մի օր որոշեց չքնել:
Եվ ահա մութն ընկավ: Աստղ, մի հատ էլ աստղ, Լուսին, աստղ: Գրքերում տեսել էր, բայց իրականում... Մմմմ, բա տանիքից ինչ տեսարան է: Ախ, պետք է շտապ բարձրանալ տանիք:
Ճռռ... " Հիշեմ, առավոտյան յուղ բերեմ տանիքի դռան համար" ,- մտածեց Ժորժը: Ախ, Ժորժ, դու քո ճռռոցով արթնացրեցիր Աննետին: Չնայած արդեն ժամանակն է` ինչքան կարելի է քնել: Ժորժն Աննետին տեսավ ու տեղնուտեղը քարացավ। ամեն քայլափոխին չես տեսնի մազերը վեր ձգված աղջիկ: Իսկ Աննետի հեչ պետքն էլ չէր: "Քո մազերը",- ասաց Ժորժը: "Քոնն էլ",- պատասխանեց Աննետը: Ժորժը ձեռք տվեց մազերին ու զգաց, որ իրենն էլ է վեր ձգված: Ժորժի աչքերը մեծացել ու կլորացել էին` այստեղ ամեն ինչ թարս է ախր:
Աննետը շատ լուրջ դեմքով ասաց. "Ցտեսություն" ու տանիքի անցքից դուրս եկավ, երևի շտապ գործեր ուներ: "Հեյ, սպասիր, դու կընկնես, բարձր է ախր",- բղավեց Ժորժը ու վազեց նրա հետևից: "Վայ, այս ուր ենք մենք?" հարցրեց նա: "Տանիքի վրա",- պատասխանեց Աննետը: "Բայց ախր տանիքը վերևում է լինում",- զարմացավ Ժորժը: "Լսիր, դու Լուսնից ես իջել? Ամեն ինչ իր հակառակ կողմն ունի, դուրդ չի գալիս, գնա քնիր",- պատասխանեց Աննետը: Բայց Ժորժն, իհարկե, չգնաց, թե չէ Աննետը կմտածեր, թե նա վախենում է: Ու խելոք հետևեց նրան:
"Ա, դու դեռ այստեղ ես? Ուրեմն կօգնես ինձ",- ասաց Աննետը: Նա "Երկնքի մաքրության բյուրո"-ում էր աշխատում, ամեն գիշեր աստղերի փոշիներն էր հավաքում: Ու քանի որ բոլոր աստղերը չէր հասցնում մի գիշերում մաքրել, ամեն գիշեր տարբեր աստղեր էին փայլում երկնքում: Առաջինը Բևեռային աստղն էր մաքրում, դա մոտ էր իր տանիքին, դրա համար էլ այս աստղը ամենավառն է փայլում: "Ահա քեզ սպունգ,- ասաց նա Ժորժին,- ու արի հետևիցս, որ աստղն ասեմ, կմաքրես, տես հա~, լավ կմաքրես": Ժորժն արդեն սովորել էր , որ երկինքը ներքևում է, աստղերն էլ մոտ են: Ու Ժորժն ու Աննետը սկսեցին մաքրել աստղերը` 1, 2, 3, ... 167, 168...
Ահա և վերջ: Բոլոր աստղերը մաքրված են: Նրանք հոգնած նստեցին Աննետի տանիքի վրա: "Հաց ու ջեմ կուտես?",- հարցրեց Աննետը: Ժորժը գլխով արեց. աստղ մաքրելուց հետո սիրտդ միշտ հաց ու ջեմ է ուզում: "Զգույշ բռնիր, ջեմը հացի տակից է քսած",- ասաց Աննետը: Նա հարցրեց Ժորժին` որտեղից է նա եկել: "5-րդ հարկից: Լսիր, գիշեր ինչու է ամեն ինչ թարս?",- հարցրեց Ժորժը: "Թարս? Թարս չէ: Ինձ համար ցերեկն է թարս, իսկ գիշերն ամեն ինչ օրինաչափ է",- պատասխանեց Աննետը: "Ա~, հասկացա",- ասաց Ժորժը, բայց ոչինչ էլ չհասկացավ: "Լսիր, բա մազերդ ինչու են վերև?",- նորից հարցրեց նա: "Չէ, սա անօգուտ է,- վրդովվեց Աննետը,- արդեն 5-րդ մարդն ես, որ գիշերով բարձրացել է տանիք, ու ոչ մեկդ չեք հասկանում: Է~, ես գնացի քնելու": "Ախր, նոր է լուսանում, ինչ քնել?"- բացականչեց Ժորժը: Բայց Աննետը չպատասխանեց, ուղղակի գնաց:
"Ինչ պիտի հասկանամ, տեսնես,- մտածեց Ժորժը,- լավ, է~, գնամ քնեմ, առավոտյան կմտածեմ":