Sunday, October 23, 2011

Ճրագ վառող ծերունին

Բոլորը մտածում էին, որ նա Արև չի սիրում: Նա դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ Արևն արդեն մայր էր մտնում: Ես սկզբում մտածում էի, որ նա ուղղակի հիանում է շենքերի պատերով ու փողոցներով. Թիֆլիսի շենքերի զարդանախշերը մայրամուտի ժամանակ իջնում են պատերից ու ժանյակներով ձևավորում փողոցները:

Բայց դա երկար չէր տևում: 30 րոպե և գորգն աստիճանաբար անէանում էր, փողոցներն էլ մթնում էին: Մարդիկ էլ տներով էին գնում: Մնում էր միայն գիշերը և փողոցները, որոնք չէին երևում: Օդի նման, գիտես, որ կա, բայց չես տեսնում:

Ու հաճելի մի տագնապ է սկսում թափառել հոգումդ: Տագնապ, թե սպասում, որ շուտով մի բան է լինելու , մի բան, որը կօգնի տեսնել օդը:
Ու մթության մեջ վառվում էր նրա լույսը: Նիհար, սպիտակ մորուքով, մոխրագույն հագուստով. չէ, լույսը չէ, այլ նա: Իսկ լույսն ուղղակի ճրագից էր գալիս, որով նա վառում էր փողոցի լույսերը: Ու սկսում ես ուրախանալ, ինչպես կույրը կրկին տեսնելիս:

Ծեփը թափած պատեր, սալիկապատ փողոցներ, պատերին հին նկարներ, տակն էլ գրած "грузинское вино", այնքան մաշված, որ հազիվ ես կարդում: Ու կարծես արթնանում են քաղաքի ոգիները, ու փողոցները սկսում են շնչել: "Սապեռավի~", "Մառանի~", "Ցխելի խաչապուրի~", "Չուրչխելա~~", կանչում են բոլոր կողմերից: Ձիերի վարգից փոշի է բարձրանում: Թիֆլիսյան ոճով հագնված գիրուկ կանայք բամբասելով քայլում են ու կռվում վաճառականների հետ: "Վույ մե~, ով է տեսել, որ սունելին օրի լարի արժենա, էժանացրու", "Աղչի, գնա, ներքևն էժան ա, Հավլաբարից իջնելուց առաջին սեղանները միշտ էլ թանկ են ասում":

Բայց փողոցը լուռ է: Միայն ճրագ վառող ծերունու ոտքերի քստքստոցն է լսվում: Մարդիկ էլ վաղուց քնած են, գինիների փողոցն էլ լուռ նայում է նկարներից ո հրապուրում գինի առնելու:
Նա Արև սիրում էր: Ուղղակի մարդիկ անօգնական են: Նրանց միշտ լույս է պետք: Երբ գնում է Արևը, գալիս է նա: Նա, ով կարող է շոշափել օդը: Օդը, որից միշտ գինու ու խոնավության հոտ է գալիս:
Երբ գնումէ Արևը, անգամ տներն են քնում` փոքրիկ, ծուռ, ժանյակապատ տները, հենվում են իրար վրա ու քնում: Նրանք հանգիստ են, նրանք գիտեն, որ երբ գնում է Արևը, գալիս է նա:

Եվ փողոցներում մարդիկ չկան: Կան միայն վառված ճրագները և լռությունը, որը խախտում է ճրագ վառող ծերունու քայլերի մեղմ քստքստոցը:

Արարատը մերն ա, Արարատը մերն ա!!!

Ճիշտ ա, մի քիչ իմ բլոգի համար օֆֆ թոփ ա, բայց ասեցի գրեմ:
Ուրեմն Վրաստանում հարևանուհիս ռուս էր, ով գնացել էր հուշանվերներ առնելու , ու մի հատ էն ապակուց շառերից էր առել, էն որ թափ ես տալիս, ոնց որ ձյուն գա, մեջը տենց վրացական տեսարան էր, իսկ տակը Արարատն էր քանդակած: Բացել էր.... մտածում էի, տեսնես ինչի էլի... պարապ են մնացել էտ մարդիկ:
Բայց մի բան էլ ինձ, չգիտեմ, զարմացրեց, թե ավելի շատ ուրախացրեց, բայց քանի հոգի ինձ մոտեցան ու հարցրեցին, ես Արարատը բարձրացել եմ, թե չէ, ու որ իրանք ուզում են գան Հայաստան, որ Արարատը բարձրանան: Ինչքան նեղվեցին, որ իմացան, որ սարը մեր սահմաններում չի, ու մենք երկար ճանապարհ պիտի անցնենք, որ հասնենք ընտեղ...
բա~~...սենց բաներ

Monday, October 10, 2011

Mobyակայֆ

Քաղաքը Moby է լսում....
չգիտեմ, ով ա լսում, բայց որ շուտով շատերը Moby ԿՏԵՍՆԵՆ, էտ հաստատ ա ;)

Monday, October 3, 2011

Ex-street art



Էքս են, որովհետև էլ չկան... Որովհետև մեր քաղաքապետարանը մի օր որոշեց վերանորոգել դալանները...
Աշխատանքներ, որոնց վրա ժամեր եմ ծախսել, որոնց էրեսից մատերս ցրտահարվել են, անելուց հետո էլ հաճույքից նիռվանայի մեջ եմ ընկել: Ամեն անգամ Ենգիբարյանի կողքով անցնելուց ժպտում էի իրան ու բարևում :))) Իսկ հիմա էլ չկան, բա~
Սենտիմենտալ ստացվեց, գիտեմ, ուղղակի էսօր ես տեսա, որ իմ վերջին աշխատանքը ռեմոնտի տակ ա ընկել, տենց տխրեցի:
Բայց նոռմալ ա, դեռ շատ կնկարեմ :)))) էս արվեստը պետք ա անես էն գիտակցումով, որ մի օր քեզ էլ ռեմոնտ կանեն :))) նենց որ...
... մինչ նոր հանդիպում ;))))