Sunday, December 15, 2013

Քնել...

Այդ աշխարհում ամեն ինչ բարի էր` արևը, ծառերը, եղջերուները, արջերը ու մի քանի մանր-մունր կենդանիներ: Բայց մարդիկ այնտեղ չկային, միայն մի հոգի: Նա անուն չուներ, ինչին էր պետք անունը, եթե կանչող չկար: Նա ամեն առավոտ արթնանում էր, եղջերուների հետ նույն գետից ջուր խմում, արջի հետ նույն ծառից պտուղ ուտում, մողեսների հետ պառկում էր քարերին և արևից էներգիա ստանում: Նա կարողանում էր ժայռերից թռչել: Ավելի ճիշտ կանգնում էր ժայռի ծայրին և աչքերը փակում: Երկիրն ինքն էր գնում ոտքերի տակ. չէ որ այն պտտվում է:

Ու տենց ամեն օր, մինչև չարթնացավ ու գտավ իրեն մութ սենյակում, բազմահարկ շենքի 14-րդ հարկում: Դրսում ինչ-որ մարդիկ էին կռվում ու ոստիկանակա մեքենայի ձայն էի լսվում:  Քնել...

Wednesday, November 27, 2013

Մաքրողը

Աշխարհում ամենամեծ սիրտը նա ուներ: Դե, այնպես չէ, որ բոլորի սրտի չափերը գիտեմ ու համեմատել եմ, բայց հավատացեք, նրանն ամենամեծն էր, ուղղակի հավատացեք:
Նա շատ կարևոր աշխատանք ուներ. օգնում էր մարդկանց մաքրել ներսում էղած կեղտերը: Հենց այդպես, վերցնում էր ավելն ու սկսում մաքրել ներսի փոշին, հետո թաց լաթերով փայլեցնում էր ներսի պատերը և վերջ: Դե պատկերացրեք, ինչքան էր կեղտոտվում այդ ընթացքում: Իհարկե, ձեռնոցներ հագնում էր, բայց այնուամենայնիվ: Իսկ մարդիկ կային, որ այնքան բան ունեին մաքրելու, որ երեկոյան նա հոգնատանջ ընկնում էր բազկաթոռին և քնում մինչ առավոտ:
Եվ այդպես ամեն օր…
Անցնում էիր օրեր, նա մաքրում էր, մաքրում և անընդհատ կեղտոտվում էր, իսկ նրան մաքրող չկար. չէ՞ որ միայն նա ուներ այդքան մեծ սիրտ :
Մի խոսքով, մի օր նա այնքան կեղտոտվեց, որ հիվանդացավ: Եկան բժիշկներ, բայց ոչ մեկ չէր հասկանում, թե ինչից է այդքան վատ: Նրան տարբեր կողմերից հետազոտում էին, կոկորդն էին նայում, ստուգում էին ականջները, սակայն ոչինչ չէին հասկանում: Այդպես ժամանակի ընթացքում կարծես մարում էր:
Նա երկար մտածում էր, թե ինչ անի. դիմել օգնության չէր ուզում, հասկացավ, որ անիմաստ է, ոչ մեկ չի հասկանում ինչպես օգնել: Հասկացավ, որ եթե այդքան մարդու կարողանում է օգնել, գուցե ինքն իրեն էլ կկարողանա օգնել: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է մտնելու ինքն իր մեջ ու ավելով ու լաթերով մաքրելու սեփական սրտի պատերը (սիրտն էլ այնքա՜ն մեծ է): Մտածեց, մտածեց և վերջապես գտավ որոշումը: Արցունքնե՜ր, ահա թե ինչը կմաքրի իրեն: Նա կանչեց իր մեջ գոյություն ունեցող բոլոր արցունքներին ու խնդրեց մաքրել իրեն: Նրանք էլ մեծ հաճույքով համաձայնվեցին ու հորդեցին նրա աչքերից: Հոսում էին, հոսում անդադար, կարծես անվերջ լինեին. այ այդքան  շատ էր նա կեղտոտվել:
Այդպես ժամեր շարունակ արցունքներն իրենց գործն արեցին և դադարեցին հոսել: Նա ուժասպառ էր եղել, դեռ երբեք այդքան արցունք չէր տեսել: Հոգնատանջ պառկեց քնելու:

Առավոտյան կարծես ոչինչ էլ չէր եղել: 

Wednesday, September 18, 2013

Ուտելու մասին

"Եթե մի օր արթնանաս ու շուրջդ մութ լինի, խոնավ ու տեսնես լողացող գազարներ, ուրեմն ես քեզ կերել եմ": Ալիսան չռած աչքերով լուռ լսեց  ու ասեց "աղու՜" :)))

Friday, September 6, 2013

Կին

Ես կին եմ,
Որովհետև ունեմ մեծ կրծքեր ու երեխա...
Ուրիշ ոչ մի որովհետև չկա

Sunday, August 25, 2013

Բողոքի գիրք. մամայական բաներ N 2

Չէի կարա էս թեմային առանձին չանդրադառնալ՝ սա լուրջ ա: Խոսքը սոսկաների կամ հայերեն ասած՝ ծծակների մասին ա:
Փաստորեն հայ ազգը ոչ միայն սոսկան տալիս ա, որորվեհտև մեկ-մեկ կարիքը զգում ա, այլ անգամ եթե կարիքը չի զգում, կոմպլեքսավորվում ա, որ իրա էրեխեն սոսկա չի վերցնում: Ո՞վ ա ասել, որ սոսկան պարտադիր ատրիբուտ ա:
Ինչի՞ եմ ես սոսկային դեմ: Ասեմ՝ սոսկան տալիս են էն ժամանակ, երբ երեխան "անիմաստ լացում ա", սոսկան իրանց հանգստացնում ա: Իմ կարծիքով երեխան ԵՐԲԵՔ անիմաստ չի լացում՝ փորիկն ա  ցավում, սոված ա, քունն ա տանում, կապրիզ ա, բայց անիմաստ երբեք չի լացում: Ու էտ մոտեցումը՝ "էրեխու ձենը կտրենք", մեղմ ասած անընդունելի էգոիստական ա: Չասեմ որտեղ ֆբ-յան քննարկում էր գնում ու մի մամա ասեց, որ ինքը սոսկա տալիս ա, որ եթե էրեխեն դրոսում լացի, ինքը խայտառակ չլինի: Ես սրտանց ցավում եմ էտ մամայի էրեխու համար, անկեղծ, սրտանց:
Էլ չասեմ, որ հետո էտ նույն սոսկայից կտրելը ինչքան դժվար ա ու ինչ տրավմա են հասցնում էտ խեղճ էրեխեքին: Նույն քննարկման մեջ մի մամա գրել էր, որ ութ ամսեկանում հազիվ սովորեցրել ա սոսկայի ու հետո շատ դժվարությամբ կտրել: Երկաթից էլ չէ, պողպոատից ա էտ տրամաբանությունը, ութ ամիս տանջվել ա, որ էրեխեն եսիմնինչի սոսկա ուտի, հետո էլ տանջվել ա, որ հետ սովորացնի: Ով կասի էտ գործողության տրամաբանությունը, թագավորությանս կեսն իրան:

Հ.Գ. ամենահանճարեղ մտքերից էսօրվա լսածս՝ եթե սոսկա չտաս, էրեխեն հոգեբանական խնդիրներ հետագայում կունենա, հարցին, թե ինչ խնդիրներ, ասեց՝ դե ծխող կդառնա: Գոնե հակառակն ասեր, ֆֆֆ...

Հ.Հ.Գ. թող չվիրավորվեն էն մամաները, ովքեր իրանց էս փոսթում գտան, սա իմ անձնական կարծիքն ա ընդամենը

Friday, August 23, 2013

Մենակություն


Երբ մենակությունդ մարդիկ այլևս չեն լցնում,
Իրանք կան, բայց ոնց որ չլինեն,
Ո՞վ ա մեղավոր ու մեղավոր ա՞ արդյոք:

Thursday, August 22, 2013

Բողոքի գիրք. մամայական բաներ


Եթե ուզում եք ստուգել ձեր նյարդերը, լացող երեխային դրեք սայլակի մեջ ու դուրս եկեք փողոց: Չէ, ձեր նյարդերի ինդիկատորը լացող երեխան չի լինելու, բնավ: Այ անցորդ կանա՜յք, այ դա փորձություն ա: Ով չի ալարի բերանը բացել կամ ձեր հետևից ռեպլիկ կթողի, կամ կասի "վա՜յ, էս էրեխեն խի՞ ա լացում", կամ "տես, էրեխեդ լացում ա", էլ չասեմ որ դու դառնում ես աշխարհի ամենանսիրտ ու կոպիտ մաման, որ երեխուդ լացը չես կտրում ու վայ վույ չես անում րոպեն մեկ: 
Էլ չասեմ, որ էրեխեքին էս շոգին տասը տակ հագցնող մամաները չեն ալարում ամեն օր քեզ ասում են, որ "էրեխեդ կմրսի", "գլխարկ խի՞ չես հագցրել, կմրսի", ասում ես շոգ ա, ասում ա "բա ուրեմն կարևահարվի, գլխարկ հագցրու", ոբշմ գլխարկ հագցրու, կապ չունի ինչի համար, էրեխեն պիտի գլխարկով լինի: 
Մի խոսքով հայ ազգի էրեխեքը պիտի լինեն միշտ նորմայից մի քանի կիլո ավել, որ հանկարծ չասեն էրեխուն լավ չես նայում, պետք ա ամառվա շոգին մի քանի տակ շոր հագնի, ձմեռը էլ չասեմ, ու պետք ա միշտ լուռ լինի, կարգին էրեխեն չի լացում (որպես լացի դեմ պայքարի մեթոդ էլ ոչ թե հասկանալ ինչի ա լացում ու պատճառը վերացնել, այլ մի հատ սոսկա ես դնում բերանը, ձենը կտրում ա):
Տենց բողոքական բաներ:



Sunday, August 18, 2013

Կյանք


Ժամացույցի սլաքի պես՝
Գնում, գնում, գնում
Ու մի օր կանգ առնում:

Կյանք...


Thursday, August 15, 2013

Երանություն

Բաժանվեմ մասնիկների,
Հազարավոր, միլիոնավոր,
Ու ներարկվեմ բջիջներիդ մեջ:

Երանություն...


Wednesday, April 3, 2013

Ոզնու մասին


Ի՜նչ ուրախ ես այսօր, Արմե՛ն,
-Իմ գրպանում ոզնիներ են:
 
Ոզնու ետևից անտառ գնացի,
Եվ գրպանս նրան դրեցի:
 
-Ի՞նչ ես անընդհատ երգում,
-Ոզնի կա իմ գրպանում:
 
Թե իմ նման ոզնի գտնես, 
Դու էլ ուրախ-ուրախ կերգես:
 
-Դու խաբում ես միշտ այդպես,
Ու՞ր է ոզնիդ, ցու՛յց տուր մեզ:
 
-Ես ազնիվ եմ, շատ ազնիվ, 
Դե նայե՛ք, ահա՛ ոզնին:
   

                                     Դանիիլ Հարմս, 1928

Saturday, March 30, 2013

Վագրը փողոցում


Ես երկար մտածում էի՝
Որտեղից է փողոցում վագր հայտնվել,
Մտածում ու մտածում էի,
Մտածում ու մտածում էի,
Մտածում ու մտածում էի,
Մտածում ու մտածում էի,
Հենց այդ պահին քամին փչեց
Ու իմ մտքի թելը կտրեց,
Եվ այդպես էլ ես չիմացա,
Թե որտեղից է փողոցում վագր հայտնվել:

Դ. Հարմս 
թարգմանությունը՝ իմ